Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Համագործակցության նոր հեռանկարներ․ ՀԲՄ-ն և ՀՌՀ-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

22.02.2023
Համագործակցության նոր հեռանկարներ․ ՀԲՄ-ն և ՀՌՀ-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Նպատակ ունենալով նպաստել ֆինանսաբանկային ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստմանն ու մի շարք ուղղություններով համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ Հայաստանի բանկերի միությունը համագործակցության հուշագիր է կնքել Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) հետ:

 

    Փաստաթուղթը, որը թույլ կտա իրականացնել կրթական և հետազոտական լուրջ նախաձեռնություններ, ստորագրել են ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

      ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է կադրերի որակավորման բարձրացման խնդրին, ֆինանսական գրագիտության և ֆինանսաբանկային ոլորտի հիմնահարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը։

    «Բացի կրթական բաղադրիչից մեր նպատակն է ակտիվացնել և խթանել գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Այս տեսանկյունից կարևորում ենք օբյեկտիվ և անաչառ հետազոտությունների անցկացումը և դրանց արդյունքները հանրության մատչելի ձևով ներկայացնելը, ինչը կարծում ենք հնարավոր կդառնա համալսարանի հետ համագործակցության շնորհիվ։ Ակնկալում ենք նաև, որ համատեղ կփորձենք բացահայտել գիտական և վերլուծական հստակ թեմաների պահանջարկը և դրանց ուսումնասիրման անհրաժեշտությունը»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

    ՀՌՀ Ռեկտոր Արմեն Դարբինյանի փոխանցմամբ՝ ներկայացված բոլոր առաջարկները, անշուշտ, հետաքրքիր են ՀՌՀ-ի համար, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է ստանալ ցանկալի արդյունք։

    Իր հերթին, ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանն ընդգծել է, որ ամբողջ թիմը պատրաստ է համագործակցությանը:

    Հուշագրի համաձայն՝ կողմերը կկազմակերպեն և կիրականացնեն նաև համատեղ բաց դասեր, սեմինարներ, մասնագիտական քննարկումներ, հետազոտական նախագծեր, ինչպես նաեւ հրատարակել ուսումնամեթոդական նյութեր։